top of page
Search

ՆՈՐ ՀԱՆՔ

Updated: Oct 15, 2024

Խորհրատվությունից մինչև արդյունաբերական բիզնեսի մեկնարկ





Մոտ մեկ ամիս առաջ, ինձ դիմեց մի անհատ, որին վստահված էր դեռ շուկայում չհաստատված բիզնեսի՝ հանքի կառավարման պատասխանատվությունը: Անձն անցումային փուլում էր՝ չուներ հանքի կառավարման փորձ և անհրաժեշտ էր իմ աջակցությունը՝ հասկանալու, թե որտեղից և ինչպես սկսել:

Մեր առաջին հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ շատ կարևոր հարցերի, ինչպիսիք են՝ ֆինանսական ներդրումների չափերը, արտադրության ծավալներն ու նպատակները, պատասխաններ չկային: Սրան հաջորդեց հանդիպում հանքի սեփականատերի հետ, ով հնդկական ծագմամբ գործարար է:

 

Նախքան հանքարդյունաբերական աշխատանք սկսելը կամ արտադրություն հիմնելը կարևոր է հասկանալ, որ հանքի բիզնես մոդելը չի սահմանափակվում պարզապես գումար ներդնելով և շահույթ ստանալով: Ոլորտը պահանջում է նախնական հետազոտություն և ռեսուրսների հստակ գնահատում: 

 

ՔԱՅԼ 1. Տարածքի ուսումնասիրություն

Նախ՝ անհրաժեշտ է տարածքի ուսումնասիրություն և խորը հետազոտություն՝ հասկանալու, թե որ հեկտարներն են պիտանի արդյունահանման համար: Ամփոփեցի, որ հինգ հեկտար տարածքում անհրաժեշտ էր ուսումնասիրություն կատարել՝ հստակ հասկանալու հանքի ռեսուրսները:

Այսպես, օրինակ, գործարարը վստահ էր, որ իր 20 հեկտար տարածքը հանքարդյունաբերության մեծ հնարավորություններ է ընձեռում: Սակայն տարածքին ծանոթ լինելով կարողացա փաստել, որ այդ 20 հեկտար տարածքից միայն 5 հեկտարի վրա էր հնարավոր որոշակի հումք ակնկալել. մնացած հատվածը ավազի էր։ ՈՒստի որոշվեց, որ այդ 5 հեկտարի վրա է պետք կենտրոնանալ, անցկացնել նախնական ուսումնասիրություն` հասկանալու խորությունը, շերտագրությունը, ճաքերը, քարի որակը։


ՔԱՅԼ 2. Ներդրումներ և մեկնարկ

Հաջորդ քայլով անհրաժեշտ էր հասկանալ ներդրումների չափը և որոշել, արդյոք տարածքն ու ներդրումները համապատասխանում են պատիվրատուի կարիքներին և ակնկալիքներին: Նշեմ նաև, որ տվյալ ոլորտում նախնական ներդրումները կազմում են նվազագույնը մեկ միլիոնից երկու միլիոն ԱՄՆ դոլար։

Հետազոտությունները շարունակվեցին, կատարվեցին հանքի ծակման աշխատանքները, ինչն էլ ցույց տվեց, որ որոշ տեղերում հումքի որակը բավարար էր փոքրածավալ արտադրություն սկսելու համար: 

Ես ուսումնասիրեցի ծակման աշխատանքի արդյունքները և ներկայացրի` որտեղ ինչ կա՝ թե՛ որակի, թե՛ քարի, թե՛ շերտերի առումով: Կային հատվածներ, որտեղ շերտի բարձրությունը փոքր էր, բայց քարի որակը լավն էր, և հակառակը՝ որոշ տեղերում շերտերի բարձրությունը մեծ էր, բայց քարի որակը՝ միջին: Այս տվյալների հիման վրա ինձ համար պարզ էր, որ կարելի է սկսել նախնական փոքր ծավալի արտադրություն, սակայն եկամտաբերությունը կլինի ներդրումների չափով՝ 10-15%, ոչ ավել: Հետագայում, երբ հանքը կայուն աշխատի, սեփականատերերն ըստ արդյունքների կորոշեն՝ անհրաժեշտ է արդյոք մեծացնել ներդրումները և արտադրության ծավալները:

Այսպիսով, ստանալով հստակ տվյալներ, պատվիրատուն պատրաստ էր ներդրումներ կատարել, և մենք մեկնարկեցինք հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները:


ՔԱՅԼ 3. Կայուն արտադրություն և վաճառք

Հանքի շահագործման հարցերում աջակցելուց բացի, լուծվեց նաև դրսի՝ մասնավորապես արաբական  շուկա մուտք գործելու խնդիրը։ Քանի որ պատվիրատուն ունի այն գրավելու հեռանկար, ես առաջարկեցի նախքան իրենց պրոդուկտով ներկայանալը, դիտարկել մեր ապրանքի վերավաճառքը արաբական շուկայում: Վերջինս պատվիրատուի կողմից հասատվեց որպես լավագույն լուծում։

Այսօր մենք գտնվում ենք արտադրական գործընթացի մեկնարկի փուլում, իսկ հանքարդյունաբերական նախագծի տեխնիկական գնումները ընթացքի մեջ են: Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծում ոչ մի որոշում չի կայացվում առանց մասնագիտական խորագիտության և մանրամասն գնահատումների։ Այս բիզնեսը հիմնված է կայուն ռազմավարության և տրամաբանական քայլերի վրա, ինչը հնարավորություն կտա ապագայում մեծացնել արտադրության ծավալներն ու շուկայի ներկայությունը:

Հպարտ եմ, որ այս հաջողակ համագործակցության արդյունքում Հայաստանում ավելացավ ևս մեկ բիզնես և աշխատատեղ, հիմնված մասնագիտական պրոցեսների և փորձառության վրա:


 
 
 

Comments


bottom of page